AM
4 Նոյեմբեր 2004 - 17:39 AMT

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Անդրկովկասում երկաթուղային շարժման վերականգնման հարցերին նվիրված Ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, որ «Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարները եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել մեր երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանն ուղղված նախագծին»: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը: Ի.Լեւիտինը մատնանշել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Անդրկովկասին: Ռուս նախարարի խոսքերով` «միջանցիկ շարժման բացումը հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանի տնտեսական զարգացման համար, հնարավորություն կտա զգալիորեն մեծացնել բեռնահոսքերը, կրճատել բեռնափոխադրումների ժամկետները եւ դրանց փոխադրման ծախսերը, կստեղծի նոր աշխատատեղեր»,- հայտարարել է Ի.Լեւիտինը: Նա նաեւ նշել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը թույլ կտա քաղաքական հարցեր լուծել: Նրա խոսքերով` «տնտեսական տեսանկյունից Աբխազիայի տարածքով երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումներն ավելի շահութաբեր են ի համեմատ ծովային եւ ավտոմոբիլային փոխադրումների: Կա նաեւ խնդրի այլ կտրվածք. ներկայումս արդեն ձեւավորվում են տրանսպորտային համակարգեր, որոնք նախատեսում են Ասիա-Եվրոպա տարանցիկ փոխադրումներ` շրջանցելով Ռուսաստանի եւ Անդրկովկասի ենթակառույցները»: «Եթե չզբաղվել այս խնդրով, կարելի է կորցնել հսկայական բեռնահոսքեր», ընդգծել է Ի.Լեւիտինը: Նախարարը նշել է նաեւ, որ Կովկասում լաստանավային փոխադրումները կարող են դառնալ հզոր հանգուցային բազա Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բեռնափոխադրումների համար: