AM
17 Հուլիս 2012 - 15:09 AMT

Բնապահպաններն ահազանգում են Արփա գետի վտակ Հերհերի չորացման վտանգի մասին

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որտեղ բնապահպաններն ահազանգում են Արփա գետի վտակ Հերհերի չորացման վտանգի մասին:

Նամակում, մասնավորապես, նշվում է. «Նորից բնապահպանական ահազանգ ստացանք մեր արշավորդ ընկերներից: Այս անգամ խոսքը գնում է Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակին, որի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-եր:

Նկարներից պարզորոշ երևում է, թե ինչպես են գետի հունը և ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել, իսկ երկրորդ` Հերհեր ջրվեժից, որը նաև ՀՀ բնության հուշարձանների ցանկում է, շատ փոքր քանակությամբ ջուր է թափվում:

Խնդրում ենք ուսումնասիրել խնդիրը և պարզել, թե Հերհեր գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի սեփականատերերը ինչպես են խախտել բնապահպանական նորմերը, չորացրել գետի հունը և վերացրել կենսաբազմազանությունը` էկոհամակարգին պատճառելով զգալի վնաս: Ստուգման ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնել մեր նախաձեռնությանը:

Սա միակ դեպքը չէ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունքում զգալի վնաս հասցվում շրջակա միջավայրին: Մեր նախաձեռնությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել սույն հիմնախնդիրը, և փաստերի հավաքագրման աշխատանքներով է զբաղված, որոնք հերթականությամբ կներկայացնենք նախարարությանը»: