Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ այս տարվա Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների ժամանակ, նախորդի համեմատ, թուլացել է ադրբեջանական հիստերիան:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը` դա կապելով այն հանգամանքի հետ, որ Արցախը գնում է դեպի պետականության ինստիտուցիոնալիզացիա և, որ դա կարծես թե հասկանում են նաև Ադրբեջանում:
Համեմատելով նախորդ նախագահական ընտրությունների հետ`քաղաքագետը նշեց, որ այս անգամվա Արցախի նախագահական ընտրությունները իրոք կայացել են որպես մրցակցային գործընթաց. «Այս անգամ գործ ենք ունեցել լուրջ մրցակցության ու պայքարի հետ»:
Քաղաքագետը կարծում է նաև, որ միջազգային դիտորդների քանակը Արցախի նախագահական ընտրություններին ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը լուրջ հետաքրքրություններ ունի Արցախի քաղաքական կյանքի նկատմամբ:
Ըստ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:
Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:
Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը:





