AM
21 Հուլիս 2012 - 10:04 AMT

Շահան Քանդահարյան. Հայաստանը պետք է կազմակերպի ընտրություններն Արցախի օրինակով

Բեյրութում հրատարակվող «Ազդակ»- թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանն իր «Արցախի օրինակով» հոդվածում անդրադարձել է հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները համակողմանի ուղերձներ են պարփակում: Կարծեք տարբեր մակարդակների վրա բոլոր հետևողները, ընդհանուր առումով, համաձայն են այս ընտրությունների հետևյալ բնութագրային բանաձևին. «Ազատ, արդար, մրցակցային ընտրություններ»: Այստեղ կա անշուշտ ածանցյալ բանաձև ոմանց մոտ, որ իբրև տրամաբանություն համոզիչ կետ է ներառում` այս բոլորով հանդերձ «ոչ արդար» ընտրություններ:

«Ոչ արդար» բնութագրումը ունի ոչ հավասար հնարավորությունների օգտագործման տրամաբանությունը, այն առումով, որ գործող նախագահը իբրև թեկնածու կտիրապետի վարչական լծակներին, զինվորական և ուժային համակարգերին և բնականաբար ազդեցություն ունի այդ ոլորտների աշխատակիցներին և բանակայինների քվեներին կողմնորոշման վրա:

Միջազգային կազմակերպությունների դիտորդների բարձր գնահատականները Արցախի ընտրությունների մասին կարևոր են ոչ միայն Արցախի ընտրական համակարգի թափանցիկությունը ընդգծելու համար: Անոնք, ըստ էության, կնպաստեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումի գործընթացին: Թափանցիկությունը, ժողովրդավարությունը, ազատությունը միջազգային ընտանիքի կողմից շատ հոլովված օրինաչափություններ են, որոնց ուղղությամբ գրեթե կատարյալ ցուցադրություն կատարեց Արցախը` իր գործող իշխանություններով և հասարակությամբ»,-գրում է յեղինակը:

Ըստ Քանդահարյանի, մրցակցային այն դիմագիծը, որ փորձվեց ցույց տալ այս ընտրություններին, եղավ նկատառելի: Այլընտրանքային ծրագիրների հրապարակումը, բայց մանավանդ անցնող նախագահական ընտրությունների հետ համեմատ հավաքված տոկոսային համեմատությունը նպաստեցին մրցակցային համապատկերի ձևավորմանը: Լուռ ուղերձը այս բոլորին այն էր, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ներքին ինքնորոշման, ժողովուրդի ազատ կամարտահայտության լիակատար համապատասխանելիությամբ կիրականացներ իր պետականաշինարարության աշխատանքները:

Համապետական և համաժողովրդային գիտակցականության բարձր մի մակարդակ ինքզինք կդրսևորեր Արցախի բոլոր ընտրատեղամասերում՝ քաղաքակիրթ ու ժողովրդավար պետության համարժեք բոլոր ստորոգելիներով: Ի հակադրություն անշուշտ քարյուղի երկրում տիրող անազատության, միանձնյա կառավարման համակարգին, ընտանեկան բացարձակ իշխանության, այլընտրանքային ուժերի նկատմամբ կիրառված ճնշամիջոցների երևույթներին և հակաժողովրդավար պետությունից ակնկալուած բոլոր գործառույթներին:

Հեղինակը նշում է, որ համաարցախյան այս գիտակցությունը սակայն միայն արտաքին ճակատին կամ միջազգային հանրությանը չի վերաբերում: Թեև, համընդհանուր համոզում է, որ այս ընտրություններին նման կարգով, եղանակով ու էությամբ կատարումը կարևոր քայլ է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումի ուղեգիծին ուղղությամբ:

«Ընտրություններին ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային էություն ապահովելը միայն Արցախի համար չէ, որ ռազմավարական և հեռանկարային նշանակություն ունի: Ընտրությունները Հայաստանի Հանրապետության համար ևս միևնույն խորքայնությունը ունեն: Մեր երկրի համար խնդիրը երևութական քաղաքակրթվածությունը պահելով ինքնավերարտադրողական համակարգի պահպանումով չի ամփոփվում:

Ազատ ու արդար ընտրությունների կայացումը` Եվրոպայի հետ համարկումը իր առաջատար օրակարգի վերածած երկրի համար ավելի քան անհրաժեշտ է: Շրջափակված, ժողովրդագրական պատկերի սուր տագնապ դիմագրավող, ընկերային-տնտեսական ճգնաժամի հաղթահարման անմիջական հրամայականին առջև գտնվող մեր երկիրը արտաքին ճակատի վրա բազում մարտահրավերներ դիմագրավելու անհրաժեշտությունն է դիմակայում։ Կրկնակի իմաստ ունեն ուրեմն հասարակության կամքը հարազատորեն արտահայտող իշխանությունների ձևավոմանը միտող աշխատանքները:

Եթե Արցախը իր առաջնային հիմնահարցին կարող է ծառայեցնել իր ներքին ընտրությունները, ապա Հայաստանի Հանրապետությունը ևս իր ներքին-արտաքին անմիջական մարտահրավերների հաղթահարման համար կարևոր քայլ ունի առնելիք: Մեկնակետը` ժողովրդի կամքը դրսևորելու ազատ, արդար, թափանցիկ ու հավասար մրցակցային հնարավորություններու հիման վրա համապատասխան միջավայր ստեղծելն է: Ոչ միայն գեղագիտական մակարդակով, այլ նաև ըստ էության: Արցախի օրինակով»,-ասվում է «Ազդակի» գլխավոր խմբագրի հոդվածում: