Հայ Առաքելական եկեղեցին աշխատանքներ է սկսել լսողական ունակություններից զուրկ մարդկանց իրենց շարքերը ներգրավելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով, մեր հասարակության այս խմբի մարդիկ շատ խոցելի են, և նրանք շատ հեշտությամբ ընկնում են աղանդավորների ճիրանները: Նրանց մի մասը դառնում է քարոզող, և հեշտությամբ ներգրավում մյուսներին:
Այդ կապակցությամբ Առաքելական եկեղեցին թողարկել է ժեստերի լեզվով թարգմանված պատարագների և ավետարանի DVD սկավառակներ, նախատեսվում է նաև ամբողջ Աստվածաշնչի և աղոթագրքերի թողարկում: Բացի այդ, Սբ. Երրորդություն եկեղեցում կա ժեստերի լեզվի թարգմանիչ, և եթե նույնիսկ մեկ խուլ հավատացյալ գալիս է եկեղեցի, նրա համար ժեստերով ներկայացվում է ողջ պատարագը: Եկեղեցին նաև խուլերի համար դասախոսությունների շարք է կազմակերպում շաբաթական երկու անգամ: Նույնքան էլ կազմակերպվում է հասարակության մյուս շերտերի համար:
Տեր հոր խոսքով ոչ մի ստույգ վիճակագրական տվյալ չկա, թե քանի աղանդավոր կա հանրապետությունում, քանի որ աղանդավորները նման տվյալներ չեն տալիս: Ըստ տարբեր տվյալների, 360-370.000 քաղաքացի չի պատկանում Առաքելական եկեղեցուն: Դրանց մեջ են կաթոլիկները, ուղղափառները, իսկ 100.000-ը աղանդավորներ են:
Տեր Եսային խորհուրդ է տալիս, որպեսզի Աստվածաշունչ ձեռք բերելիս ուշադիր լինեն, հատկապես Եհովայի վկաների թարգմանությունից: Նրանք, ըստ հոգևորականի, բառեր են փոխում, նախադասություններ են այլ կերպ մեկնաբանում: Նրանց գրքերում առկա են «Ն.Ա.Թ.» տառերը, որոնք «Նոր աշխարհի թարգմանություն» բառերի հապավումներն են:





