Հուլիսի 23-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստը:
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, նիստին մասնակցում էին միավորված կոլեգիայի անդամները, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության կենտրոնական ապարատի և օպերատիվ վարչությունների պետերը:
Նիստի օրակարգում երկու հարց էր 2010-2011 թթ. միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցությունների պարագլուխների ու կազմակերպիչների, ինչպես և անդամների հանցավոր գործունեության կանխման ուղղությամբ ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության փոխհամագործակցության արձանագրության կատարման ընթացքի մասին և ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի 2013 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում նշվեց, որ ըստ Համաձայնագրի՝ կոնկրետ քայլեր են կատարվել Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության համապատասխան ծառայությունների օպերատիվ-փնտրողական գործունեության ոլորտում:
2011 թ. և 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում ձերբակալվել են 244 անձինք, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, միևնույն ժամանակ հայկական կողմը ձերբակալել է 192 անձանց, որոնք հետախուզվում էին Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից:
2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ:
Հայկական կողմն իր հերթին այդ ընթացքում Ռուսաստանին է հանձնել 4 անձանց, որոնք որոնվում էին ռուսական իրավապահ մարմինների կողմից:
2012 թ. Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկվածների թիվը 20-ն է:
Օրակարգի երկրորդ հարցի քննարկման ընթացքում հաստատվեց ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը և անցկացման ժամկետները: ՌԴ ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թ. հուլիսին, ՌԴ տարածքում:





