Հայկական կողմը առաջարկում է քննարկման դնել Շահումյանի եւ Գետաշենի հայկական տարածքների եւ հայ փախստականների մասին հարցը: Գրավոր առաջարկները այդ հարցի վերաբերյալ հայկական կողմը ներկայացրել է նոյեմբերի 11-17 Վենետիկում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում: Քննարկումների ընթացքի մասին նոյեմբերի 19-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում պատմել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Նստաշրջանի ընթացքում, որտեղ քննարկվել է նաեւ Հարավային Կովկասի երկրների անվտանգության համակարգի հարցը, ներկայացվել է նաեւ գերմանացի պատգամավորի զեկույցը տարածաշրջանի երկրների վերաբերյալ: Զեկույցի վերջնական տարբերակը կներկայացվի հաջորդ նստաշրջանում:
Զեկույցի մեջ ընդգրկվել է «Ադրբեջանի գրավյալ յոթ տարածքների» վերաբերյալ առաջարկը, նախնական տարբերակում տեղ գտած «4 տարածքների» փոխարեն: Մ.Շահգելդյանի խոսքերով, նման փոփոխությունը բացատրվում է այդ հարցի ընդգրկմամբ ՄԱԿ-ի օրակարգում: Կարծիքների փոխանակման ընթացքում ֆրանսիացի ներկայացուցիչը բարձրացրել է նաեւ հայ-թուրքական սահմանների բացման հարցը: Հայկական կողմը նույնպես արել է իր առաջարկները գրովոր տեսքով:
Այնտեղ մասնավորապես հիշեցվում է Շահումյանի եւ Գետաշենի գրավյալ հայկական տարածքների, ինչպես նաեւ Ադրբեջանից բռնի ուժով վերաբնակեցված հայազգի անձանց մասին: Հիշեցնենք, որ Գետաշենի տարածքը գրավվել է ադրբեջանական ուժերի կողմից 1991 թ. ամռանը խորհրդային բանակի ուղղակի աջակցությամբ, իսկ Շահումյանի շրջանը գրավվել է 1992թ. ամռանը, կաշառված ռուս գեներալների օգնությամբ: Հազարավոր հայեր բռնի կերպով արտաքսվել կամ ոչնչացվել են այդ գործողությունների ընթացքում:





