Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ համաձայն վարչական վիճակագրության տվյալների, հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 90 %-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ. 25,7-ից 2011-ին նվազել է 9,1-ի: Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին դիտվում է վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ. 3,4-ից 2011-ին նվազել է 2,2-ի:
Վերջին տասնամյակում հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազումն ակնառու է: Մինչև 1999թ. պատվաստումների ներդրումը նկատվում էր համաչափ նվազում և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 2,5 %, ապա պատվաստումների ներդրումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ նվազում, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում` 98 անգամ (ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,1-ի): Նշվածը ապացուցում է պատվաստումների անհրաժեշտությունը, կարևորությունը և դրանց արդյունավետությունը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:
Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա, համաձայն վարչական վիճակագրական տվյալների, վերջինիս հիվանդացության աճ չի արձանագրվել: Սակայն այն շարունակում է մնալ առողջապահության գերակա հիմնախնդիրներից մեկը:
Հաշվի առնելով, որ վիրուսային հեպատիտներն ամբողջ աշխարհում հանրային առողջապահության հիմնախնդիրներից են` առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիվանդության դեմ պայքարի ու կանխարգելման միջոցառումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու համար:
Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 28-ին ողջ աշխարհը նշում է հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը:





