Հուլիսի 27-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչների բողոքներն ամբողջությամբ. չվերացվեց ոչ ընկերության միջոցների վրա դրված կալանքը, ոչ էլ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի և Արսեն Արտաշեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացվեց:
Հիշեցնենք, որ բողոքներից մեկը վերաբերում էր Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի («Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության տնօրենը/ և Արսեն Արտաշեսյանի/ընկերության գլխավոր հաշվապահը) նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Ռ.Մկրտչյանի 30.01.2012 թվականի որոշումը վերացնելուն:
Վերը նշված որոշման դեմ Նարեգ Հարթունյանի կողմից բողոք էր ներկայացվել դատախազին այն վերացնելու խնդրանքով, սակայն դատախազի որոշմամբ մերժվել էր ներկայացված բողոքը:
Օրենքով սահմանված կարգով բողոք էր ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը ևս մերժել էր բողոքը՝ համարելով, որ քննիչի կայացրած որոշումը եղել է օրենքին համապատասխան: Այնուհետև Նարեգ Հարթունյանի փաստաբանները բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Դատավոր Ս. Համբարձումյանի որոշմամբ բեկանվել էր Կենտրոն դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության: Այսօր, սակայն, դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց ներկայացված բողոքը՝ համարելով այն անհիմն:
«Առաջին անգամ եմ տեսնում, որ ընկերության տնօրենը /Արտյոմ Մարտիրոսյանը/ նմանատիպ պատմությունից «չոր դուրս գա»՝ պատճառաբանելով, թե ինքը չի գիտակցել հարկերից խուսափելու մասին, և փոխարենը մեղադրվի մեկը/ Նարեգ Հարթունյան/, ով ընդամենն ընկերության սեփականատիրոջ որդին է: Ակնհայտ է, որ այստեղ փորձ է արվում մեղավորության սայրն ուղղել Նարեգ Հարթունյանի կողմ»,-ասաց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով դատավորի որոշումը: Նրա խոսքերով իրենք կրկին դիմելու են վերաքննիչ դատարան:
Մյուս բողոքով պահանջ էր ներկայացվել ճանաչել, որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գույքի վրա կալանք դնելու քննիչ Ռ. Մկրտչյանի որոշումը եղել է ոչ իրավաչափ, և խախտվել են ընկերության իրավունքները:
Հիշեցնենք, որ քննիչի որոշման պատճառով կաթվածահար է եղել ընկերության գործունեությունը, արդյունքում, ընկերությունն այս պահին դադարեցրել է իր առևտրային գործունեությունը, տասնյակ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանի կողմից կայացվել էր բողոքը մերժելու որոշում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այն նույնպես բեկանվել էր և ուղարկվել առաջին ատյանի դատարան, որտեղ էլ այն կրկին մերժվեց:
Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով իրենք այդ գործով էլ են կրկին դիմելու Վերաքննիչ դատարան:
Երկու որոշումների մերժման հիմքերը դատարանը կներկայացնի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հ.Գ. Այս դատավորի կողմից կայացված որոշումներն ի սկզբանե կասկածի տակ են եղել՝ հաշվի առնելով այն, որ հենց նա էր 2011թ. դեկտեմբերի 09-ի կեսգիշերին կայացրել Նարեգին և նրա երկու աշխատակիցներին կալանավորելու որոշումները, որից մի քանի օր անց վերջիններս ազատ արձակվեցին, ասվում է Մարիամ Մուղդուսյանի հաղորդագրության մեջ:





