Ադրբեջանցի սպա-մարդասպան Ռ.Սաֆարովի մասին, որը այս տարվա փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ գազանաբար կացնահարել էր Գ.Մարգարյանին, ժամանակն է սրտաճմլիկ մուղամ հորինել: Առանց այդ էլ, նոր Ռասկոլնիկովի փառքին հավակնող ադրբեջանցի «կացինով հերոսը» դարձել է չար հայերի մասին նոր ադրբեջանական ժողովրդական ասքերի հերոս: Հիմա էլ պարզվում է, որ նա նաեւ չի գոհացրել հունգարացի ոստիկաններին, այն բանտի աշխատակիցներին, որտեղ պահվում էր ադրբեջանցի «սպան»: Դուր չի եկել այն աստիճանի, որ նրա դեմ հայց են ներկայացրել` նախնական կալանքի ժամանակ վատ վարքի համար: Սակայն մեծն հերոս Ռամիլ Սաֆարովը չի հանձնվում` նա հանդես է եկել պատասխան բողոքներով հունգարացի բանտապանների դեմ: Պարզվում է, նրանք իրենք են Սաֆարովին ծեծել, «իմանալով, որ նա ադրբեջանցի սպա է»: Իրավացիորեն տխուր ճակատագիր ունի այդ տղան: Քիչ էր, որ նրա նրբազգաց հոգեկան կերտվածքը վիրավորված էր իր լավագույն զգացմունքներում համընդհանուր չհասկացվածությունից, թե ինչպես նա կարող էր հենց այդպես կացնահարել մարդուն քնած ժամանակ միայն նրա ազգային պատկանելության պատճառով, հիմա էլ չար բանտապաններն են նրա դեմ ելել: Թեեւ հանուն արդարության պետք է խոստովանել, որ հազիվ թե հունգարացի բանտապանները գիտեն, թե որտեղ է գտնվում Ադրբեջանը, որպեսզի «ծեծեն» խեղճ Ռամիլին այդ երկրից լինելու համար: Ըստ ամենայնի եղել են նաեւ այլ, ավելի ծանրակշիռ պատճառներ, որոնք թույլ չեն տվել, որ Ռամիլի եւ բանտապանների միջեւ ընկերություն ստացվի: Մենք մեր կողմից խորհուրդ ենք տալիս մեր հերոսին չհուսահատվել` չէ որ մարդիկ միշտ էլ չեն հասկացել հանճարներին եւ հերոսներին:





