Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղարկված բազմաթիվ նամակներից հետո, «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներին և նրանց միացած բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին վերջապես հաջողվեց հանդիպել նախարարի հետ և բարձրացնել արգելոց- թանգարանի հետ կապված բոլոր հարցերը: Բնապահպանների գլխավոր մտահոգությունը արգելոց թանգարանի տարածքում կառուցվող շինությունն է: Այս առնչությամբ բնապահպանները նախկինում էլ են դիմել նախարարություն: Նախարարությունում արդեն կազմվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի հարցի ուսումնասիրությամբ: Բնապահպան Սիլվա Ադամյանը, ով ներկա է եղել հանդիպմանը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի անդամները կառուցապատող ընկերությանը մի քանի անգամ նամակ են ուղարկել, սակայն որևէ պատասխան չեն ստացել: Նախարարն ասել է, որ իրենք ևս մեկ անգամ կդիմեն ընկերությանը, և եթե չստանան պատասխան, անպայման կդիմեն դատարան: Սիլվա Ադամյանի խոսքերով իրենք առաջարկել են սեփական ուժերով ապամոնտաժել շինությունը, սակայն նախարարն ասել է, որ դրա համար իրավական հիմքերն են պետք: «Մենք վերջում ասացինք, որ եթե անգամ դատարանը որոշի, որ այդ շենքը օրինական է, մենք այն ապամոնտաժելու ենք», -ասաց բնապահպանը:





