«SOS Սևան» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ Նորատուսի «Արևորդի» էկոակումբի 3 սաները շրջել են Սևանի տարածքով, նկարահանել արձանագրված խախտումները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ֆիլմի օպերատոր Գևորգ Գասպարյանը: «Լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ են մնացել մեծ մակերեսով բուսածածկ տարածքներ, իսկ բույսերը ժամանակի ընթացքում սկսել են փտել, ինչը հակասանիտարական պայմաններ է ստեղծում թե' լճի, թե' շրջակա միջավայրի համար»,- նշեց նա:
Լճի բնապահպանական խնդիրների թվում Գևորգ Գասպարյանը կարևորեց նաև, որ լճի մեջ, բացի 28 գետերից ու գետակներից, թափվում է նաև հարակից բնակավայրերի կոյուղու պարունակությունը առանց մաքրվելու: «Ցավալի է, որ տեղի բնակիչներից բոլորը չէ, որ մտահոգված են այդ փաստով, շատերը համարում են, որ այդպես էլ պետք է լինի, անգամ բուրդ են լվանում այդպիսի ջրի մեջ»,- ասաց օպերատորը:
Նորատուսի «Արևորդի» էկոակումբի սաներն իրենց հերթին կիսվեցին մտահոգություններով: «Ես բնակվում եմ Նորատուսում, որը Սևանի առափնյա բնակավայրերից է, և ամեն օր տեսնում եմ, թե ինչ վիճակում է լիճը: Ափսոսում եմ, որ մարդիկ չգիտեն, թե ինչպիսի ջրի մեջ են լողում»,- նշեց սաներից Մանաս Պետրոսյանը: Նարեկ Հայրապետյանն իր հերթին ընդգծեց, թե զարմացած էր, որ բնակավայրերի կոյուղու պարունակությունն առանց մաքրման թափվում է լիճը: «Էկոակումբում մենք ոչ միայն բնապահպանության հիմունքներ ենք սովորում, այլև լուսանկարչություն, օպերատորություն, ուստի որոշեցինք փոքրիկ ֆիլմ նկարահանել, որպեսզի մարդկանց իրազեկենք Սևանա լճում առկա պայմանների մասին»,- ասաց նա` հավելելով, որ չէր ակնկալում, թե ֆիլմն այդպիսի արձագանք ու գնահատական կստանա արտասահմանում:





