AM
31 Հուլիս 2012 - 11:24 AMT

Աջափնյակ համայնքն էլ կունենա բարեկարգված հանգստի գոտի

Նորոգման աշխատանքներ են իրականացվում Աջափնյակ համայնքում գտնվող «Հանրապետական» հիվանդանոցին հարակից տարածքում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, աշխատանքների ավարտին Աջափնյակ համայնքի բնակիչները կունենան բարեկարգված հանգստի գոտի:

«Աշխատանքների շրջանակում հիմնովին վերանորոգվում է տարածքում գտնվող ջրավազանը: Պետք է նշեմ, որ նախկինում այդ ջրավազանում հաճախ էին երեխաներ լողում, սակայն մայրաքաղաքի ջրավազաններում լողալն արգելված է, դա հղի է առողջական խնդիրներով և վտանգավոր է: Հուսով եմ` նորոգումից հետո այլևս նման դեպքեր չեն լինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ջրավազանին կից սրճարանին, ապա Արթուր Գևորգյանը նշեց, որ սրճարանի տարածքը վարձակալության է հանձնված անհատի, ուստի քաղաքապետարանը չի պատրաստվում բարեկարգման աշխատանքներ իրականացնել այդ տարածքում: Նա նաև հավելեց, որ բարեկարգման աշխատանքներն իրականացվում են Երևանի համաչափ զարգացման համալիր ծրագրի շրջանակում և բացառապես քաղաքապետարանի միջոցներով: «Մեզ համար կարևոր է, որպեսզի մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ իրեն հարմարավետ զգա սեփական վարչական համայնքում և ստիպված չլինի զբոսնելու և բացօթյա հանգիստ անցկացնելու համար հասնել մեկ այլ վարչական համայնք: Յուրաքանչյուր համայնք ունենալու է իր հանգստի գոտին, և քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի որքան հնարավոր է շուտ իրականացնի այդ նպատակը»,- ասաց նա: