AM
2 Դեկտեմբեր 2004 - 17:13 AMT

ԼՂՀ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա ` «բանտում գտնված ժամանակ խախտված առողջությունը վերականգնելու» նպատակով: Ֆրանսիայից վերադառնալուց հետո նա պատրաստվում է հրապարակել հոդված, որտեղ կվերլուծի Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Առավոտ» թերթը` վկայակոչելով իր սեփական աղբյուրները: Հիշեցնենք, որ նախկին գլխավոր հրամանատարը հեռացվել էր պաշտոնից, այնուհետեւ ձերբակալվել ԼՂՀ նախագահ Ա.Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Հետաքրքիր է, որ երեքշաբթի օրը «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել էր հարցազրույց` Արցախյան պատերազմի ժամանակաշրջանում հայտնի հրամանատար Ժիրայր Սեֆլյանի (Շուշիի գումարտակի նախկին հրամանատար, «ազատագրված տարածքների պաշտպանման նախաձեռնող խմբի» առաջնորդներից մեկը) հետ, որը մինչեւ վերջերս ակտիվորեն հանդես էր գալիս ի օգուտ Ս.Բաբայանի ազատ արձակման: Հարցազրույցում Ժ.Սեֆլյանն ասում է այն մասին, որ նա «վստահ է, որ մոտ ապագայում կձեւավորվի նոր քաղաքական ուժ, որն իր վրա կվերցնի ղարաբաղյան հարցի լուծման պատասխանատվությունը», եւ մենք «վկա կդառնանք նոր ազգային շարժման»: