AM
31 Հուլիս 2012 - 13:38 AMT

Համաշխարհային բանկը նոր ծրագիր է առաջարկում ՀՀ տրանսպորտի նախարարությանը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 31-ին ընդունել է Համաշխարհային բանկի ճանապարհային ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ` ինչպես ընթացիկ, կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի, այնպես էլ նոր ծրագրի շրջանակներում և անել հնարավոր ամեն բան` այն արագ իրագործելու ուղղությամբ:

Վիքրամ Քուտարին բավարար գնահատական է տվել ընթացիկ ծրագրի իրականացմանը և ներկայացրել նոր ծրագրի վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջարկությունը: Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել` օժանդակելու նոր ծրագրի նախապատրաստմանն ու իրագործմանը, կարևորել հնարավոր խնդիրների արագ արձագանքումը: Նա ընդգծել է, որ պետք է հստակեցնել մոտեցումները հետագա ծրագրի շրջանակներում ճանապարհների ընտրության հարցում, նրանց անվտանգության, պատշաճ սպասարկման ուղղությամբ:

Վիքրամ Քուտարին կիսել է նախարարի մտահոգությունները և հավելել, որ առավել ուշադիր կլինեն բարձրացված հարցերի նկատմամբ:

Նախարար Գագիկ Բեգլարյանը և Վիքրամ Քուտարին կարևորել են երկկողմ հարաբարերությունները և հույս հայտնել,որ հետագա համագործակցությունը կունենա ամուր հիմքեր: