AM
1 Օգոստոս 2012 - 05:48 AMT

«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը երազում էր ՀՌԱԿ ատենապետ դառնալ

«Ժողովուրդ» թերթի պնդմամբ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանակին մի «երազանք» է ունեցել` Հայաստանի Ռազմկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանին զրկել սփյուռքի աջակցությունից և քաղաքական որևէ հենարանից: Թերթը նշում է, որ այդ գործընթացը թափ առավ հատկապես Առաքելյանի կողմից 2008թ. սկսած «նաիրիտյան» բացահայտումներից հետո: 2008-ի աշնանը, երբ Հայաստանում էր ՌԱԿ ատենապետ Մայք Խարապյանը, վարչապետը վերջինիս հետ հանդիպման ժամանակ միտք է հայտնել, թե ՀՌԱԿ-ը «գանձ» է, իսկ որ վարչապետը գանձերի հանդեպ թուլթություն ունի, նշում է թերթը, բոլորս գիտենք:

Սարգսյանն այդ ժամանակ առանց ամաչելու ՀՌԱԿ ատենապետ դառնալու ցանկություն է հայտնել, ինչից անգամ սփյուռքահայ «ընկերներն» են զարմացել: Նրանք այդ մասին տեղյակ են պահել Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին է զարմացել վարչապետի քաղաքական նկրտումներից:

«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ ժպտադեմ վարչապետին այդ գաղափարը տվել են ՀՌԱԿ նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանն ու ՀՌԱԿ ներկայացուցիչ Հակոբ Ավետիքյանը: Վերջիններս, նշում է թերթը, դեռևս 2003 թվականից, ինչ ՀՌԱԿ ատենապետ էր ընտրվել Հարություն Առաքելյանը, «քեն» էին պահել:

2009թ. գարնանը նախատեսված է եղել Հորդանանում իրականացնել ՌԱԿ համագումար, որտեղ օրակարգային հարցերից էր ատենապետի ընտրությունը: Ուստի Տիգրան Սարգսյանը Միրզախանյանին և Ավետիքյանին շտապ գործուղել է սփյուռքահայերի մոտ, որպեսզի իր ատենապետությունն իրականություն դարձնեն կամ էլ, եթե պատգամավորները դեմ են այդ գաղափարին, տապալեն համագումարը: Սակայն, ինչպես գրում է թերթը, գործադրված ջանքերը ձախողվել են, քանի որ համագումարը տեղի է ունեցել մեծ շուքով, իսկ Առաքելյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ: