«Հրապարակ» թերթը գրում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ամենամեծ ինտրիգն այն է, թե քանի փուլով են ընթանալու ընտրությունները: Ըստ թերթի` Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերից մեկում արդեն հասկացրել է՝ պետք է բացառապես կենտրոնանալ մեկ փուլի վրա` բոլոր ռեսուրսները կիրառելով այդ ուղղությամբ: Այլ է մոտեցումը «կոնկուրենտ» ֆիրմայում: Ճիշտ է, եթե ֆորս մաժոր չեղավ, Քոչարյանը չի մասնակցելու այդ ընտրություններին ու պայքարելու է վարչապետի աթոռի համար: Այնուհանդերձ, նշում է թերթը, նա իր ռեսուրսներն արդեն իսկ դասավորում է այնպես, որ ընտրություններն անցնեն երկու փուլով, Սերժ Սարգսյանն անչափ դժվար հաղթանակ տանի, և ինքը` որպես ապագա վարչապետ, նրան օգնության հասնի:
«Հրապարակը» հիշեցնում է, որ համանման սցենար պետք է կիրառվեր նաև 2008-ին: ՀՀԿ լավատեղյակ աղբյուրները հայտնում են թերթին, որ այն ժամանակ Ահարոն Ադիբեկյանն իր հարցումների արդյունքում բացառապես պնդում էր, որ մեկ փուլով Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովված է: Սակայն ընտրություններից մի քանի օր առաջ նա սկսել էր ՀՀԿ ծերակույտին և Սերժ Սարգսյանին համոզել, որ երկու փուլով ընտրություններ անցկացնելն առավել գրագետ ու ճիշտ մարտավարություն է: ՀՀԿ-ում հասկացել էին, թե ինչն ինչից հետո է, խայծը կուլ չէին տվել, գրում է թերթը:





