AM
1 Օգոստոս 2012 - 07:27 AMT

2015թ. Երևանում կրկեսային արվեստի միջազգային մրցույթ կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակի պատվին

Ուղիղ մեկ տարի առաջ` 2011թ. օգոստոսի 1-ին, մեկնարկեցին Երևանի պետական կրկեսի վերակառուցման աշխատանքները: Մեկ տարի անց շենքի նորոգման ենթակա հատվածի ապամոնտաժումը գրեթե ավարտված է, շուտով կմեկնարկեն վերակառուցման աշխատանքները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, կրկեսային գործիչների միության ղեկավար Սոս Պետրոսյանը, շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և, ամենայն հավանականությամբ, կավարտվեն 2013թ. վերջին:

Սոս Պետրոսյանը նշել է, որ արտիստները հյուրախաղերի են մեկնել արտասահման և մինչև կրկեսի շենքի նորոգման ավարտը չեն դադարեցնի գործունեությունը` իրենց համարներով հանդես գալով աշխարհի տարբեր քաղաքներում: Իսկ ինչ վերաբերում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիային, ապա այն նույնպես շարունակում է գործել, այժմ` Ագաթանգեղոսի 5 հասցեում վարձակալված տարածքում: Հարկ է նշել, որ շինարարության մեկնարկից ի վեր ստուդիայի 6-20 տարեկան սաները կրթվում են և ավարտից հետո նույնպես կշարունակեն կրթվել անվճար` կրկեսի վերակառուցումը հովանավորող «Տաշիր Գրուպ» ընկերության միջոցների հաշվին:

Դեռևս մեկ ամիս առաջ հայտարարվել էր այն մասին, որ 2014 թվականին ծրագրվում է կրկեսային արվեստի միջազգային մրցույթ անցկացնել: Սակայն, ինչպես հաղորդեց Սոս Պետրոսյանը, մրցույթի անցկացումը որոշվեց տեղափոխել 2015 թվականի մարտին, քանի որ այդ տարվա մարտի 15-ին լրանում է ծաղրածու, մնջախաղի վարպետ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն արդեն իրականացվում են, հստակեցվում է հրավիրյալ արտիստների, կրկեսային համարների ցուցակը: