AM
1 Օգոստոս 2012 - 08:04 AMT

Մարիամ Գևորգյանի գործով հերթական ցույցը կկայանա վաղը

Օգոստոսի 2-ին ժամը 12:00-ին «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության» կոալիցիան կազմակերպում է ցույց` Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ` Մարիամ Գևորգյանի գործով:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանն իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն: Նրա ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» հոդվածով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Սակայն Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

Իսկ Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջինծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանն ասաց, որ իրենց պահանջները նույնն են, ինչպես նախորդ ցույցերին, այս անգամ էլ իրենք պահանջելու են, որ Մարիամը այնպիսի փոխհատուցում ստանա, որով հնարավոր կլինի ապաքինվել եւ ֆիզիկապես եւ հոգեպես: