Այս տարվա սկզբից մինչ այսօր Սևանա լճում գրանցվել է ջրահեղձության 5 դեպք: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը: Նրա փոխանցմամբ, այդ դեպքերից 3-ը տեղի են ունեցել ձմռանը, և միայն երկուսը` զբոսաշրջային սեզոնի բացման օրվանից սկսած: Այս տարի, արդեն, ջրահեղձությունից փրկվել է 14 մարդ:
Սևանա լճում ԱԻՆ-ը ունի 43 հիմնական և 3 սեզոնային փրկարարական ջոկատներ: Այդ թիվն նախատեսվում է եկող տարի մեծացնել: Մկրտչյանը նշեց, որ լճի տարածքում կա 19 կայանատեղի, այդտեղ էլ կան արգելող լողանշաններ:
Համեմատելով անցած տարիների տվյալները, հրամանատարը նշեց, որ նման պատահարների թիվը նվազում է: 2008 թ-ին արձանագրվել է ջրահեղձության 9 դեպք, փրկվածների 20 դեպք: 2009 թ-ին եղել է ջրահեղձության 7, փրկության 23 դեպք, 2010 թ-ին` ջրահեղձության 9, փրկության 28, իսկ անցած տարի` ջրահեղձության 9 դեպք, որից երեքի պատճառը եղել է սրտի կաթվածը, իսկ փրկվածների թիվը հասել է 14-ի: Մկրտչյանը խորհուրդ տվեց հանգստացողներին լողալ այն հատվածներում, որտեղ կան փրկարարական ջոկատներ և լողանշաններ, որպեսզի դժբախտ դեպքերի թիվը նվազի:
Ջրում խեղդվածների մեծ մասը տղամարդիկ են:





