Այսօր PanARMENIAN.Net-ի խմբագրություն է դիմել Էրեբունու վարչական շրջանի բնակիչ Վարդան Համբարձումյանը, ով գրում է, որ Էրեբունու վարչական շրջանի Նոր Արեշ 50 փողոցի վերջնամասում (նախկին «բոլտի» գործարանի անմիջապես դիմաց) տարիներ շարունակ եղել է գործող կանաչապատ մանկական այգի, որն ունեցել է բազմաթիվ ծառեր և որտեղ գտնվել են մանկական կարուսելներ և նստարաններ: Համայնքի բնակիչների համար այդ այգին եղել է հանգստի միակ վայրը, իսկ երեխաների համար՝ միակ խաղահրապարակը: Սակայն վերջին տարիների ընթացքում այգին զավթել են:
Բնակիչը գրում է, որ նախ պարսպապատել են այգու մի հատվածը, կտրել բոլոր ծառերը ու հանել նստարաններն ու ճոճանակները և տեղը կառուցել են «վուլկանիզացիա»: Ապա այգու մյուս հատվածում կառուցել են ավտոլվացման կետ: Ըստ նամակի `մի քանի օր առաջ «վուլկանիզացիայի» ու «մոյկայի» արանքում գտնվող տարածությունում շինարարական աշխատանքներ են սկսվել . երկու ծառ գտնվում է անմիջապես շինության ներսում, ինչից պարզ է դառնում, որ ծառերը հատվելու են: Բնակիչը տեղեկացնում է, որ շինաշխատանքնեն իրականացնող անձինք զբաղեցրել են նաև մայթը, ինչի պատճառով բնակիչները ստիպված են քայլել փողոցի մեջտեղով՝ վտանգելով իրենց կյանքը:
Վարդան Համաբարձումյանը գրում է, որ խնդրի առնչությամբ դիմել է ՀՀ Կառավարություն, Բնապահպանության նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն, Երեւանի քաղաքապետարանի թեժ գծին, լրատվական բաժնին եւ ճարտարապետական բաժնին, ինչպես նաև Էրեբունու վարչական շրջանի թեժ գծին, սակայն իրեն չեն պատասխանել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ իրենք նման ահանզանգ չեն ստացել, բացի այդ շատ հնարավոր է, որ դա մասնավոր տարածք է և շինարարությունն էլ օրինական է: Էրեբունու թաղապետարանաում ևս հավաստիացրին, որ իրենք որևէ ահազանգ չեն ստացել, մինչդեռ Վարդան Համբարձումյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պնդեց, որ բոլոր նշված գերատեսչություններին դիմել է էլեկտրոնային փոստով վերջին մեկ շաբաթվա ընթացքում ` որպես հավաստիացում փոխանցելով այն հաղորդագրություններն ու լուսանկարները, որոնք ուղարկել է հիշյալ կառույցներին: Էրեբունու թաղապետարանի կոմունալ վարչությունում խոստացան անմիջապես մարդ ուղարկել այգի և ճշտել ահազանգը , ինչից հետո Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Հարություն Սարգսյանը PanARMENIAN.Net-ին փոխանցեց, որ նշված տարածքում ոչ թե կառուցապատման, այլ պարզապես մաքրման աշխատանքներ են ընթանում, սեփականատերերը մաքրում են իրենց տարածքի շրջակայքը, ինչը նաև թաղապետարանի պարտադրանքն է :





