AM
1 Օգոստոս 2012 - 10:39 AMT

Արտավազդ Զաքյան. Մոզրովի քարանձավի մուտքը հերմետիկ կփակվի և բաց կլինի միայն նեղ մասնագետների համար

Արջերի և Մոզրովի քարանձավները պահպանության և ճիշտ օգտագործման խնդիր ունեն: Այդ խնդիրները հատկապես լայն արձագանք և լուծման անհրաժեշտություն ունեցան մի քանի ամիս առաջ Մոզրովի քարանձավի հետ կապված միջադեպից հետո, երբ քարանձավի մուտքը թիթեղով փակվել էր, սակայն կարճ ժամանակ անց այն կրկին բացված էին հայտնաբերել:

«Մոզրովի քարանձավը լուրջ մասնագիտական ուսումնասիրությունների կարիք ունի, ուստի այն մոտ ժամանակներս հերմետիկ կփակվի և բաց կլինի միայն նեղ մասնագետների համար»,- այդ մասին այսօր Երևանում Մոզրովի և Արջերի քարանձավների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող ծրագրերին նվիրված «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Արտավազդ Զաքյանը: Նա նշեց, որ քարանձավը հետազոտելու, վիճակը գնահատելու և եզրակացություններ տալու նպատակով պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ը համագործակցելու է ինչպես մշակույթի նախարարության, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, այնպես էլ հայաստանյան և արտասահմանյան անկախ փորձագետների հետ:

Զաքյանը տեղեկացրեց, որ այսօր հսկվում է պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող 19 000 հուշարձան, որոնց թվում` Մոզրովի և Արջերի քարանձավները: «Ցանկացած խնդրի դեպքում ձեռնարկվում են քայլեր: Մենք ունենք շրջայց կատարող ծառայություն, որը պարբերաբար այցելում է հուշարձաններն ու տեղեկացնում դրանց վիճակի մասին»,- ասաց նա` հավելելով, որ տարվա սկզբից գործում է պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի թեժ գիծը` 54 55 70, որին ցանկացած ոք անհրաժեշտության դեպքում կարող է զանգահարել և տեղեկացնել հուշարձանների տարածքում տեղ գտնող խախտումների մասին: