AM
1 Օգոստոս 2012 - 13:10 AMT

Անահիտ Ադամյան. Բավական շատ պատրաստակամ քաղաքացիներ կան, ովքեր ուզում են օգնել սիրիահայերին

Վերջին մի քանի օրերի ընթացքում ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջին» դիմել են բազմաթիվ սիրիահայեր: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց էջի հիմնադիր-ղեկավար, գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանը, հավելելով, որ դիմողներից 10-ին իրենք արդեն կարողացել են օգնել:«Հիմնականում մեր օգնությունը եղել է տան կամ բնակարանի և աշխատանք գտնելու տեսքով: Բոլորին էլ աշխատում ենք օգնել», – ասաց Ադամյանը:

Գրողի խոսքով` բավական շատ պատրաստակամ քաղաքացիներ կան, ովքեր պատրաստ են իրենց տներն ու բնակարանները տրամադրել կարիքավոր սիրիահայերին` թե Երևանում, թե մարզերում:

«Օրինակ՝ Գյումրիում, Թալինում, Վանաձորում, Դիլիջանում, Գավառում, Արմավիրում, Էջմիածնում, Արտաշատում, Կապանում, Ստեփանակերտում (ԼՂՀ) և այլն: Անգամ Մեղրիում բնակվելու առաջարկով են դիմել», – իր խոսքում նշեց հրապարակախոսը:

Անդրադառնալով օգնություն առաջարկողների սոցիալական լարգավիճակին` Ադամյանն ասաց, որ դրանք տարբեր են` հիմնականում` միջին, բայց «ցածր էլ է հանդիպել»: Ադամյանը հավելեց նաև, որ գումարի սղության պատճառով իրենց դիմած սիրիահայ 2 ընտանիք մեքենայով է գալու Հայաստան: