Ամենաառաջին բանը, որն ուզում են տեսնել Քարվաճառ այցելող զբոսաշրջիկները, տեղի հանքային գեյզերներն են: Այս աղբյուրները վերջին տարիների ընթացքում դարձել են արցախցիների և այլ տեղերից ժամանող հյուրերի պարտադիր այցելության վայր և Արցախի այցեքարտերից մեկն են: Բայց վերջին շրջանում այնտեղ այցելողներին դիմավորում են տեղի աղբակույտերն ու գարշահոտությունը:
Քարվաճառի ամենահայտնի բնակիչներից մեկի ` Ալեքսանդր Քանանյանի վկայությամբ, տարածքը լցված է աղբով, իսկ ջրերի մեջ թափվում է ամենօրյա լվացքաջուրն ու ձեռքի տակ ընկածը: Խնդիրը նոր չէ, այս մասին բազմիցս խոսվել է, բայց դրանից աղբի քանակությունը չի նվազել: Քարվաճառի հանքային գեյզերների շրջակայքում դեռ 2009 թվականին պատրաստվում էին շինարարություն իրականացնել, սակայն այն ճանաչվեց տուրիստական գոտի և շինարարությունը կասեցվեց : Տարածքն այժմ գտնվում է Արցախի Մշակույթի նախարության զբոսաշրջային վարչության վերահսկողության տակ:
Վարչության աշխատակիցները PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում իրավիճակի վերաբերյալ հակասական պատասխաններ էին տալիս, հետո էլ պարզվեց ` ներկայանալու ցանկություն չունեն: Նրանցից մեկը միայն ասաց, որ իրավիճակին տեղյակ են, բայց օրենքով աղբահանությամբ և տարածքի բարեկարգմամբ պետք է զբաղվի տեղական ինքնակառավարման մարմինը. վարչությունը միայն վերահսկում է աշխատանքները:
«Զուարի հանքային ջերմաջրերի դրությունն արտացոլում է մեր պետության և հասարակության ներքին որակը: Այն պետք է բարեփոխվի, այդ թվում և՝ մարդկանց դաստիարակելու միջոցով», – համոզված է Ալեքսանդր Քանանյանը, ով տեղեկացրեց, որ իր` Զուար կատարած այցելությունից շատ ժամանակ չի անցել, ինքը լուսանկարել է հունիս ամսին այնտեղ տիրող իրավիճակը, խնդրի մասին բարձրաձայնել է, գրել համացանցում, բայց առայժմ որևէ արձագանք չկա:
Ալեքսանդր Քանանյանը փոխանցեց նաև, որ Զուարում այս օրերին ճամբարականներ են գալու և ինքը պատրաստվում է գնալ այնտեղ: Նա խոստացավ շուտով թարմ լուսանկարներ ուղարկել Զուարից:





