AM
2 Օգոստոս 2012 - 10:48 AMT

Տիգրան Ուրիխանյանը շատ կզարմանա, եթե Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ից անցնի ՀՀԿ շարքերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ԲՀԿ պատգամավոր ու Գյումրիի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Սամվել Բալասանյանը կարող է անցնել ՀՀԿ շարքերը: Լրագրողները հիշեցրել են, որ մի ժամանակ նա ՕԵԿ-ից անցավ ԲՀԿ:

Ըստ Ուրիխանյանի, ԲՀԿ քաղաքական թիմը, առաջին հերթին նրա ԱԺ խմբակցությունը, այնքան ամուր է, որ համեմատելի չէ այդ թիմի ցանկացած անդամի նախորդ քաղաքական գործունեության ու մասնակցության ձևաչափի հետ: «Ուստի պետք է ասեմ, որ եթե նման բան տեղի ունենա, ես այնքան կզարմանամ, որ, հավանաբար, նույնիսկ չկարողանամ մեկնաբանել այդ երևույթը»,-ասել է նա:

Նա նշել է, որ Բալասանյանի ՀՀԿ շարքերն անցնելու հավանականության մասին հարցն անտեղի է ու ոչ կոռեկտ: Ինչ վերաբերում է ՀՀԿ որոշ անդամների հայտարարությանը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Բալասանյանին սատարելու մասին, ապա մամլո քարտուղարը հայտարարել է, որ ՀՀԿ պաշտոնական դիրքրորոշումն այս հարցում դեռ հայտնի չէ: Նա նշել է, որ իրենց համար «առավել կարևոր է Հայաստանի բնակիչների աջակցությունը, մենք ցանկանում ենք, որ գյումրեցիները սատարեն մեր թեկնածուին»:

Այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ Ուրիխանյանն ասել է, որ ԲՀԿ-ն բաց է համագործակցության համար այնտեղ, որտեղ դրված է օրինականությունն ու քաղաքացիների իրավունքները պաշտպանելու խնդիր: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի համատեղ շտաբի ստեղծմանը ՏԻՄ ընտրություններից առաջ, ապա Ուրիխանյանը նշել է, որ նման գաղափար դեռ չի եղել: