AM
2 Օգոստոս 2012 - 12:08 AMT

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները ստե՞լ են

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը դիմել են քրեական գործով կազմված քննչական խմբի ղեկավարին` խնդրելով իրենց ներկայացնել համապատասխան դատավարական փաստաթղթերը:

Ի պատասխան նշված դիմումի` համապատասխան գրություն է ուղարկվել փաստաբաններ Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին, որով նրանք 2012 թ. օգոստոսի 1-ին, ժամը 17.00-ին, հրավիրվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն` համապատասխան դատավարական փաստաթղթերին ծանոթանալու և պատճենները ստանալու , սակայն նրանք չեն ներկայացել ՀԿԳ քննության վարչություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից: Ոստիկանությունից փոխանցում նաև, որ չներկայանալու պատճառը պարզելու նպատակով քննչական խմբի ղեկավարը նույն օրը զանգահարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին, սակայն երկու դեպքում էլ նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին և որևէ կերպ չեն տեղեկացրել չներկայանալու պատճառը: Փոխարենը՝ նույն օրը, ժամեր անց, Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը զանգվածային լրատվության միջոցներից մեկին են ներկայացրել իրենց դժգոհությունը, թե իբր նախաքննական մարմինը համապատասխան նյութերը չի ներկայացնում իրենց: