AM
3 Օգոստոս 2012 - 08:31 AMT

Մամիկոն Խեչոյան. Արծվաշենն ընկավ իր աշխարհագրական դիրքի պատճառով

Արծվաշենն ընկավ իր աշխարհագրական դիրքի պատճառով, այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը: «Արծվաշենը միակ բնակավայրն էր Հայաստանում, որտեղ 3000 հայեր շրջապատված էին 6000 ադրբեջանցիներով: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ գյուղը պահելու համար 11000 հազար զինվոր էր անհրաժեշտ, ինչը հայկական բանակի ուժերից վեր էր: Այդ իսկ պատճառով 1992 թվականի օգոստոսի 8-ին Շահումյանից և Մարտակերտից հետո ընկավ նաև Արծվաշենը»,- ասել է նա:

Պատմաբան, «Արծվաշեն» հայրենակցական միության նախագահ Յուրա Ղուլյանն իր հերթին նշեց, որ Արծվաշենի անկումը ղարաբաղյան պատերազմում հայկական բանակի ամենամեծ պարտություններից մեկն էր: «Գյուղը հիմնադրվել է 1854 թվականին, երբ Շամշադինի Չորաթան գյուղից 40 ընտանիք տեղափոխվեց այդտեղ: Մինչև 1976 թվականը գյուղը կոչվել է Հին Բաշքենդ, որից հետո վերանվանվել է Արծվաշեն»,- պատմեց նա:

Պատասխանելով լրագրորղի այն հարցին, թե ինչ իրավաբանական կարգավիճակ ունեն այժմ արծվաշենցիները, Մամիկոն Խեչոյանը նշել է, որ նրանք համարվում են ներքին տեղահանվածներ, հավելելով, որ անցյալ տարի կառավարությունը 708 մլն դրամ հատկացրեց անօթևան արծվաշենցիներին: Արծվաշենցիները որոշեցին օթևան գնելու փոխարեն բնակություն հաստատել գյուղին հարակից ադրբեջանցիների և մոլոկանների լքված տներում և հատկացված գումարով վերականգնել կորսված ունեցվածքի մի մասը: Բացի այդ գործում են «Արծավաշեն» հայրենակցական միությունը և «Արծվաշենցիներ և որդիներ» կազմակերպությունը: Խեչոյանը նշել է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Արծվաշենում կանցկացվի գյուղի անկման 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի օր: