AM
10 Դեկտեմբեր 2004 - 18:06 AMT

ՀՀՇ 14-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանի նախկին կառավարող կուսակցության` ՀՀՇ-ի 14-րդ համագումարը, նախկին նախագահի կողմնակիցների սպասումներին հակառակ, «եղել է շարքայիններից ամենաշարքայինը»: Այսպես է, համենայն դեպս, բնութագրել համագումարը ՀՀՇամետ «Հայկական ժամանակ» թերթը: Համագումարին ներկա չեն գտնվել կուսակցության նախկին գործիչները` խորհրդարանի նախկին խոսնակ Բ.Արարքցյանը, նախկին փոխխոսնակ Ա.Սահակյանը,ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ա.Արզումանյանը եւ ուրիշներ: Համագումարին մասնակցել է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տ.Պետրոսյանը, որը, սակայն լրագրողների սպասումներին եւ համագումարի ամբիոնից հնչած կոչերի հակառակ այդպես էլ ելույթ չի ունեցել: Ներկա են գտնվել նաեւ մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Երկրապահ» կամավոր-զինվորների միության վարչության անդամ Մ.Մյասնիկյանը: Լրագրողները նշել են, նաեւՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի ներկայությունը: Բացի իշխանությունների հասցեին հնչած ստանդարտ քննադատությունից, ինչը, նույն թերթի խոսքերով, «կարելի է լսել ցանկացած ընդդիմադիր կուսակցության համագումարում», հնչել է նաեւ քննադատություն ներկայիս ընդդիմության հասցեին: Ընտրվել է կուսակցության նոր վարչություն: