AM
4 Օգոստոս 2012 - 10:28 AMT

Հոգեբան. Տպագիր գիրքը դեռ երկար կշարունակի նույնքան պահանջված լինել, որքան էլեկտրոնայինը

Տպագիր և էլեկտրոնային գրքերի միջև ընտրության առջև այսօր կանգնած է ամբողջ աշխարհը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Դա միայն հայաստանյան խնդիր չէ, այն գլոբալ բնույթ է կրում: Գրքի այդ երկու տեսակներն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Տպագիր գիրքն ավելի ռոմանտիկ երևույթ է, այն ունի հոտ, ունի կազմով, էջերի ձևավորմամբ և տառատեսակով պայմանավորված էսթետիկա: Բայց դրա փոխարեն մեծ քանակությամբ գրքեր չես կարող քեզ հետ տանել որևէ այլ տեղ կարդալու, իսկ էլեկտրոնային գրքերը տալիս են այդ հնարավորությունը: Բացի այդ, էլեկտրոնային գրքերն ավելի հասանելի են»,- ասաց նա` հավելելով, որ տպագիր գիրքը դեռ երկար կշարունակի նույնքան պահանջված լինել, որքան էլեկտրոնայինը:

Ինչ վերաբերում է ընտանիքում տպագիր և էլեկտրոնային գրքի հանդեպ երեխայի ճիշտ վերաբերմունքի ձևավորմանը, ապա Մադաթյանը շեշտեց, որ երեխան պետք է հստակ գիտակցի, որ երկուսն էլ հավասարաչափ կարևոր են և կիրառելի: «Երբ երեխան հասկանա, որ համակարգիչը ոչ միայն ժամանցի միջոց է, այլև տեղեկատվության աղբյուր, նա կընկալի էլեկտրոնային գրքից օգտվելու առավելությունը: Բայց և այնպես մանուկ հասակում գերադասելի է տպագիր գրքեր կարդալ, դրանք նկարազարդ և ավելի գրավիչ են երեխաների համար»,- ընդգծեց նա: