Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երեկ ընդունել է Արգենտինայի հայոց թեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ դպրոցի և Վիսենտե Լոպես դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին, ինչպես նաև Բուենոս Այրես քաղաքի Արգենտինահայ Մշակութային Միության «Գայանե» պարախմբին: Պարախմբին ուղեկցում էր Բուենոս Այրես քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանը:
Հանդիպման սկզբում Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանը նախ Նաթան Սրբազանին ներկայացրեց խմբերի անդամներին, ապա տեղեկացրեց, երիտասարդներն ամեն տարի ուխտագնացության են գալիս Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ավելի մոտիկից ծանոթանալու Հայրենիքի հարուստ մշակույթին և սրբազան արժեքներին:
Այնուհետև երիտասարդների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ողջունեց Նաթան Սրբազանը: Իր խոսքում Սրբազան Հայրը ընդգծեց երիտասարդ ուխտավորների այցելության կարևորությունը` նշելով, որ Հայրենիքի բազմադարյա ժառանգության և սրբազան արժեքների հետ անմիջական հաղորդակցությունը նրանց համար պիտի դառնա ոգեշնչման և վերանորոգության աղբյուր : Հանդիպմանը Սրբազան Հայրը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակին և Մայր Աթոռի կողմից իրականացվող քարոզչական ու հասարակական գործունեությանը:





