AM
6 Օգոստոս 2012 - 08:27 AMT

Ստեփանավանում սպասում էին երկուշաբթի օրվան, որ պարզեն, թե ինչու է Ձորագետը դարձյալ պղտորվել

Ստեփանավանից դարձյալ ահազանգում են , որ Ձորագետ են թափվում «Սագամար» ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրի թափոնները: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանավանի Օրհուս կենտոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը պատմեց, որ անցած շաբաթ բնակիչները նկատել են, որ գետի ջուրը պղտորվել է և դիմել են իրեն. «Ես էլ գնացի և տեսա, որ ջուրը դարձել է դեղնաշականակագույն, անմիջապես փորձանմուշ եմ վերցրել, հետո զանգել եմ «Սագամար» :

Ընկերությունից ասացին , որ իրենց մոտ նորմալ աշխատանքային պրոցես է, որևէ թափոնի արտահոսք չեն նկատել և նման բան հնարավոր չէ, որից հետո ես զանգել եմ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արծրուն Պեպանյանին», – ասաց Մանյա Մելիքջանյանը: Արծրուն Պեպանյանը PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց, որ իրենք գրանցել են ահազանգը, բայց ուսումնասիրություններ դեռևս չեն եղել, շուտով համապատասխան հանձնարարական կկազմվի և կլինեն ուսումնասիրությունները: Իսկ մինչ այդ Հայաստանի Օրհուս կենտրոնների իրավաբան Արթուր Գրիգորյանը զանգահարել է «Սագամար» ընկերության փոխտնօրեն Նաիրա Պապյանին և տեղեկացրել աղտոտման մասին:

«Մենք կիրակի օրը չենք աշխատում, որևէ տեղեկատվություն չենք կարող ձեզ տրամադրել: Դիմեք «Գլոբալ Մեթալզ» ընկերությանը, մենք հաստատում ենք, որ ոչ մի թափոն չենք լցրել Ձորագետ, որովհետև հանքավայրը աշխատում է փակ ջրաշրջանառության ցիկլով »,- իրավաբանին պատասխանել է Նաիրա Պապյանը: Հիշեցնենք, որ դեռեւս 2012 թվականի փետրվար ամսին Ստեփանավանի քաղաքապետարանին կից ստեղծվել էր մոնիթորինգային խումբ, որը պետք է ուսումնասիրություն իրականացներ եւ պարզեր գետի աղտոտման պատճառները: Այդ խմբի աշխատանքների եւ դրանց արդյունքների վերաբերյալ մինչ օրս որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել: Նշենք նաև, որ «Սագամար» ընկերությունը իր ստացած հանքավայրի շահագործման լիցենզային պայմանագրի համաձայն պետք է աշխատի գերժամանակակից` փակ ջրաշրջանառության եղանակով, առանց շրջակա միջավայր թափոններ արտանետելու: