Ռուսաստանի Պետական դումայի ղեկավար Բ.Գրիզլովը, ներկայացուցիչը լինելով «Միասնություն» խմբակցության, որի խորհրդանիշը արջն է, մատուցել է Հայաստանին համապատասխան ծառայություն` երեկ Երեւանում անկախ պետություն Հայաստանը անվանելով ֆորպոստ: Իհարկե ինքը Գրիզլովը, ըստ ամենայնի ցանկանում էր «լավը, սակայն ստացվեց ինչպես միշտ»: Դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն նշանակում, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: Փոխադարձ շահերի հիման վրա դաշինք են կազմում անկախ պետության, այլ ոչ թե սեփական ֆորպոստի հետ: Չէ որ մենք Ռուսաստանին չենք անվանում հայկական ֆորպոստ այն հիման վրա, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Կարծում ենք, հենց ռուսաստանցիներին էլ Ռուսաստանի սահմանումը որպես հայկական ֆորպոստ դուր չէր գա: Հայաստանը անկախ պետություն է, ունի սեփական շահերը եւ չի հանդիսանում որեւէ մեկի ֆորպոստը, ավանգարդը կամ առաջավոր ջոկատը: Մենք պաշտպանել ենք մեր անկախությունը, այդ թվում նաեւ այն պետության ուժերի հետ ռազմական հակամարտությունում , որի իրավահաջորդն է այսօր հանդիսանում Ռուսաստանը: Պահպանելով դաշնակցային հարաբերությունները` մենք չենք մոռանում, թե ում բանակն է 1991 թ. ադրբեջանական ՕՄՈՆ-ականների հետ միասին արտաքսել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, եւ նույնիսկ ներխուժել Հայաստանի տարածք (Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղ): Հետաքրքրական է, որ հարգարժան Բորիս Գրիզլովի հայտարարությանը արձագանքել են ոչ թե հայ գործիչները, այլ Ադրբեջանի նախագահը: Եվ սա այն դեպքն է, երբ մենք համաձայն ենք Իլհամ Հեյդարովիչի հետ. «Մենք կարծում էինք, Հայաստանը պետություն է, իսկ նա ֆորպոստ է», ասել է նա այսօր: Հայաստանը իհարկե ոչ մի ֆորպոստ էլ չէ, ուղղակի մեր նախկին հայրենիքի մայրաքաղաքում ոչ բոլորն են հասկացել, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է 13 տարի առաջ, այդ թվում նաեւ այն պատճառով, որ հայերը չեն ցանկացել լինել որեւէ մեկի ֆորպոստը: Հայաստանը Ռուսաստանին հարկավոր է ոչ ավելի քիչ, եթե ոչ առավել քան Ռուսաստանը Հայաստանին: Հուսով ենք, որ Բ.Գրիզլովը մեզանից չի նեղանա, չէ որ Ի.Ալիեւից բացի էլի ինչ-որ մեկը պետք է հիշեցներ նրան այս ամենի մասին:





