AM
6 Օգոստոս 2012 - 13:26 AMT

Գյումրիում բացվեցին «Երեխաների տան» հիմնանորոգված երկու մասնաշենքերը

Այսօր` օգոստոսի 6-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը բացեց Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը: Ինչպես հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը, ծրագիրն իրականացվել է նրանց Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Միջոցները հավաքագրվել են բարերարներ Համո և Թամար Գրիգորյաններ ընտանիքի նվիրատվություններից և համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2011թ-ի արդյունքում հավաքագրված գումարից:

Բարեկարգվել են մանկատան երկու մասնաշենքերը` ներառյալ ննջարանները, մեթոդական կաբինետները, մարմնամարզության սրահը, ճաշարանը, խոհանոցը, լվացքատունը, սանհանգույցները: Ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 900քմ տարածք:

Բացմանը ներկա էին հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը, տեղական մարմնի վարչական անդամ Անդրանիկ Միքայելյանը, ինչպես նաև բարերարներ տեր և տիկին Գրիգորյաններն իրենց զավակների հետ:

Բարերար Համո Գրիգորյանը, 10 հազար ԱՄՆ դոլարի կտրոնը հանձնելով Ժիլբեր Մոմջյանին` հուզված ասաց, – «Մենք շատ բարերարներ ունենք և ամենքն էլ իրենց կարողության չափով օգտակար են, բայց պակաս կարևոր չեն նրանք, ովքեր անձնապես կիսում են այս մանուկների առօրյա հոգսը»:

Մանկատան շենքը կառուցվել է 1924թ.-ին և մինչև 1972թ. գործել որպես գիշերօթիկ մանկապարտեզ: 1946 և 1993թթ.-ին կառուցվել է ևս երկու մասնաշենք: Մանկատանը խնամք է ստանում մինչև 6 տարեկան մտավոր և ֆիզիկական շեղումներ ունեցող ավելի քան 120 երեխա: