AM
7 Օգոստոս 2012 - 08:19 AMT

Եվրոպական Շարժումը կարևորում է Հայաստանի տնտեսության արդիականացումը և համապատասանեցումը եվրոպական չափանիշներին և նորմերին

Հայաստանում Եվրոպական շարժումը` ի դեմս շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանի հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությանը առաջարկվող անդամակցությունը Եվրասիական Միությանը, ողջունելով Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշվող թեզը առ այն, որ հեռանկարում անհրաժեշտ է ստեղծել ազատ առևտրի տարածք Վլադիվաստոկից մինչև Լիսաբոն, ողջունելով ՀՀ և ԵՄ միջև ձևավորված աննախադեպ սերտ փոխգործակցությունը քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ճանապարհին, փաստելով, որ ԵՄ-ին ինտեգրվելու հեռանկարը Հայաստանում վայելում է հասարակության լայն շրջանակների աջակցությունը, ինչը արտացոլվում է Ազգային Ժողովում և քաղաքացիական հարթակներում, բարձր գնահատելով ՀՀ և ՌԴ միջև ավանդույթների հիման վրա ստեղծված ռազմավարական գործակցությունը, Եվրոպական Շարժումը կարևորում է Հայաստանի տնտեսության արդիականացումը և համապատասանեցումը եվրոպական չափանիշներին և նորմերին:

Եվրոպական ինտեգրման ուղին Հայաստանի համար, ինչպես և նախկինում այլընտրանք չպետք է ունենա, այն պետք է դիտվի իբրև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, հասարակությունների և ազգերի միջև համերաշխություն սերմանելու և վերջիններս արդիականացնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մակարդակի բարձրացման բացառիկ պատմական հնարավորություն: Մյուս կողմից, չափազանց կարևորում ենք Հայաստանին դաշնակից հետխորհրդային մյուս պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության ինտեգրումը նույն արժեհամակարգին: