AM
7 Օգոստոս 2012 - 10:01 AMT

Արսեն Միխայլով. Ասորիների գլխավոր պահանջն այսօր Իրաքում իրենց պատմական հողերի վերադարձն է

Օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության օրն է: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանում ասորիների համայնքի ներկայացուցիչ, Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնի համակարգող նախագահ Ռազմիկ Խոսրոևը, Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի հետ միասին կոտորվել է շուրջ 750 հազար ասորի: «Ասորիների ցեղասպանության հիշատակի օրը օգոստոսի 7-ն է, այլ ոչ թե ապրիլի 24-ը, քանի որ 1933թ. այդ օրը Իրաքի Սեմեր գյուղում երկու քրիստոնեական եկեղեցիներում այրվեց շուրջ 7000 ասորի, ինչը մեկ օրում կոտորված ասորիների ամենամեծ թիվն է: Ասորիների ցեղասպանությունը շարունակվում է նաև այսօր: Իրաքում, որը ասորիների պատմական հողն է, ժամանակին 1,2 մլն ասորի էր բնակվում: Այժմ իրաքա-ամերիկյան պատերազմի արդյունքում նրանց թիվը հասել է 60 հազարի, թեև ասորիների ամենամեծ քանակությունը շարունակում է գտնվել հենց այդ երկրում»,- նշեց նա:

Հայաստանի «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայլովն իր հերթին ասաց, որ ասորիների ցեղասպանությունը 2010թ. ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը, իսկ այս տարի մեծ հավանականություն կա, որ այն հայերի և հույների ցեղասպանությունների հետ միասին կճանաչի Հոլանդիայի խորհրդարանը: «Մեր գլխավոր պահանջն այսօր Իրաքում մեր պատմական հողերի վերադարձն է, և մենք մշտապես քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ»,- հավելեց նա:

Այս տարվա ապրիլի 28-ին Երևանում բացվեց ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երկլեզու (հայերեն, ասորերեն) հուշաքար: