ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվել են հանրապետության համայնքների բյուջեների 2012 թ. 7 ամիսների կատարողականի ցուցանիշները: Օգոստոսի 1-ի դրությամբ ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 82.6 տոկոս, անցած տարվա 7 ամսվա համեմատ աճը կազմել է 3 մլրդ 860 մլն 899 հազար դրամ: Սեփական եկամուտները, առանց պաշտոնական դրամաշնորհների, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1 մլրդ 450 մլն 748 հազար դրամով. արձանագրվել է 83.7 տոկոս կատարողական:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանն անբավարար է համարել հողի հարկի հավաքագրման արդյունքները, ընդգծելով, որ հատկապես ցածր ցուցանիշներ ունեցող մարզերում չկան օբյեկտիվ պատճառներ նման արդյունքներ գրանցելու համար: 80 տոկոսից ցածր ցուցանիշներ են արձանագրվել Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին եւ փոխնախարար Արտաշես Բախշյանին հանձնարարվել է շարունակել հետեւողական աշխատանքները` նշված մարզերում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
Սեփական եկամուտների հավաքագրման մեջ, անցած տարվա համեմատ, նվազում է գրանցվել նաեւ տեղական եւ պետական տուրքերի մասով: Այսօր որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ եւ առաջիկա երկու շաբաթում մարզերում վերլուծել տեղական տուրքերի հավաքագրման նվազման պատճառները:
Համայնքների սեփական եկամուտներում պետական տուրքերի հավաքագրման մակարդակն անցած տարվա համեմատ նվազել է 12.7 տոկոսով` 57 մլն 926 հազար դրամով: Ա. Գեւորգյանը առաջարկել է մարզպետների եւ համայնքների ղեկավարների ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները գործելու են մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:





