AM
7 Օգոստոս 2012 - 11:38 AMT

Աուտիզմով երեխաներն ամռանը կրկին հանգստանում են Ապարանի ամառային ճամբարում

Աուտիզմով երեխաներն ամառային հանգիստն արդեն 3-րդ անգամ անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում: Նրանց հանգիստն ապահովվում է Orange Հիմնադրամի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում: Երեխաները գտնվում են ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի 7-ից 14 տարեկան աուտիզմով 16 երեխաների համար նրանց խնամակալների և հատուկ մանկավարժների ուղեկցությամբ կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով և հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստ:

Այս տարի ճամբարում իրենց վերապատրաստումն են անցնում ֆրանս-հայկական մասնագիտական դպրոցի երկու ուսուցիչ, որոնք ապրելով աուտիզմով երեխաների հետ կողք-կողքի` կծանոթանան այս երեխաների վարքագծին, նրանց հետ աշխատանքի առանձնահատկություններին:

Այս նպատակով ԱրԲեՍ առողջության կենտրոնի և Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնի երկու մասնագետ արդեն վերապատրաստում են անցել Ֆրանսիայում` Լիոնի մասնագիտական ուսուցման կազմակերպման կենտրոնում, որն էլ հետագայում կհանդիսանա ծրագրի գործընկերը: Նախատեսվում է Ֆրանսիայից փորձագետի հրավիրում Հայաստան:

«Արդեն 20 տարի ի վեր իր գործունեության բոլոր երկրներում Orange-ն աուտիզմով երեխաների մասին հոգածությունը սահմանում է որպես իր մարդասիրական ծրագրերի հիմնական ուղղություններից մեկը: Աուտիզմը այնպիսի հիվանդություն է, որն ազդում է մարդու հաղորդակցային հնարավորությունների վրա, իսկ մեր ընկերության` որպես հեռահաղորդակցության օպերատորի կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև: Ամառային ճամբարն արդեն երրորդ անգամ Orange Հիմնադրամի աջակցությամբ ընդունում է աուտիզմով երեխաներին, որոնց համար այնքան կարևոր է ունենալ շփում և ժամանց »,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

2012թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է ընդհանուր առմամբ 25.869 միլիոն դրամ, որն ուղղվել է ինչպես դասընթացների և գույքի, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, Երևանում ու մարզերում աուտիզմով երեխաների զարգացման և առողջության վերականգնման կենտրոններն անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով համալրելուն:

Ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է և ներառում է մի քանի նախագիծ. Երևանում 1 և մարզերում 7 վերականգնողական կենտրոնների վերազինում անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով: Երևանյան 2 դպրոցում ու 2 մանկապարտեզում, ինչպես նաև Կոտայքի մարզի 4 դպրոցներում և 4 մանկապարտեզներում իրականացվել են աուտիզմի մասին իրազեկման դասընթացներ, որոնց մասնակցել են ընդհանուր թվով 200 մանկավարժ, երեխա և ծնող: Կոտայքի մարզում և Երևան քաղաքի երկու պոլիկլինիկաներում առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար կազմակերպվել են կրթական դասընթացներ աուտիզմի վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, ինչպես նաև աուտիզմի հայտնաբերման նոր` CHAT մեթոդի ուսուցման նպատակով: Դասընթացներն արդեն անցկացվել են Կոտայքի մարզում, որոնց մասնակցել են 200 մասնագետ: