«Կրոնական եւ իրավական պատճառներով հազարավոր քաղաքացիներ հրաժարվել են սոցիալական քարտերից: Նրանցից շատերը, որոնց հարկադրաբար կամ խաբեության միջոցով ստացել են այդ քարտերը, այսօր փոխանցում են դրանք Սահմանադրական իրավունքների պաշտպանման Հայկական կենտրոն եւ խնդրում են մեզ վերադարձնել դրանք Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարություն, քանզի համապատասխան ծառայությունները տեղերում հրաժարվում են դրանք հետ ընդունել»,- նշել է Կենտրոնի նախագահ Գեւորգ Մանուկյանը` Լրագրողների տանը կայացած մամուլի ասուլիսում: 130 քաղաքացիների խնդրանքը կատարված է: Գ.Մանուկյանի խոսքերով` նախարարությունից ստացվել է գրություն, որում տեղեկացվում է, որ սոցիալական քարտերից հրաժարված քաղաքացիների անձնական տվյալները արգելափակված են: Փաստորեն, 2005 թվականի հունվարի 1-ից հարյուրավոր մարդիկ կարող է զրկվեն գոյություն ունենալու մինիմալ միջոցներից` աշխատավարձ եւ թոշակ ստանալու հնարավորությունից: Սահմանադրական իրավունքների պաշտպանման Հայկական կենտրոնը եւ այլ իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ «Սոցիալական քարտերի մասին» օրենքի իրականացման հետագա քայլերը հղի են ծանր հետեւանքներով:





