AM
7 Օգոստոս 2012 - 12:48 AMT

Ռուբեն Հայրապետյանին պաշտպանող մտավորականների նամակը դժգոհության հերթական ալիքն է բարձրացրել

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին նախաձեռնությունը» արձագանքել է Ռուբեն Հայրապետյանին պաշտպանող մտավորականների տարածած նամակին: Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Համլետ Մատինյան, տեխ. գիտ. թեկնածուներ Հենրիկ Կարապետյան ու Հարություն Սիմոնյան, ԵՊՀ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Խաչատուր Ղազարյան, աշխատանքի վետերան Տաճատ Սաֆարյան, ԵՊՀ ֆիզիկայի քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Ջամալյան, պատերազմի վետերան Վլադիմիր Գուլումյան, Տեխ. գիտ. թեկնածու Թորգոմ Նալչաջյան, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցոնտ Լեոնարդ Շեկյան ստորագրությամբ նամակը, որտեղ նամակը ստորագրած անձինք խնդրում են Ռուբեն Հայրապետյանին վայր չդնել մանդատը, դժգոհության հերթական ալիքն է բարձրացրել:

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցավոր իշխանությունների կողմից ծրագրված` հասարակությանը հասցվող ապտակ:

Մենք հայտարարում ենք, որ Ռուբեն Հայրապետյանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ այդպիսով պաշտպանում են մարդասպաններին և հանցագործներին` ոտնահարելով համամարդկային արժեքներն ու բնական իրավունքները:

Այս մարդկանց դատապարտելի պահվածքը հավանաբար կապված է կրթության և մշակույթի ոլորտների ցածր պետական ֆինանսավորման հետ, ինչի հետևանքով արժանապատիվ աշխատանքի դիմաց վարձատրվելու փոխարեն` նրանք պարտադրված են իրենց հայացքն ուղղել դեպի Ռուբեն Հայրապետյանի նմանների գրպանը:

Հաշվի առնելով քաղաքական իշխանությունների վարած աղետալի քաղաքականության հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ըմբռնումով ենք մոտենում պալատական «մտավորականների»վարքագծին, միաժամանակ համոզված լինելով, որ իրական մտավորականների համար համամարդկային արժեքներն ավելին են, քան սեփական ստամոքսը լցնելու մոլուցքը:

Հերոստրատի նմանությամբ` այդ մարդիկ իրենց անունները հավերժացրեցին քաղաքացիական պայքարի պատմության էջերում` Արտաշես Գեղամյանի, Արեմն Աշոտյանի, Շուշան Պետրոսյանի և հանցագործ Ռուբեն Հայրապետյանի մյուս պաշտպանների նմանությամբ», – ասված է «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին նախաձեռնության» հայտարարության մեջ: