AM
8 Օգոստոս 2012 - 05:34 AMT

«Ժողովուրդ» . Հովիկ Աբրահամյանը ահաբեկել է Գետքի գյուղապետին

«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի ՝Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր իրենց գյուղի ջրագծի խողովակները գողանալու մեջ («Ժողովուրդ». Գյուղը դատարկվել է, տղամարդ չկա, ես եմ մնացել, էլեկտրիկը, մեկ էլ ջրի մարդը)։ Դրանից հետո Աբրահամյանն ու ԱԱԾ-ն սկսել են ահաբեկել գյուղապետին։ «Ժողովուրդ»–ի աղբյուրների համաձայն՝ գյուղապետին նույնիսկ կանչել են Երևան։ Այստեղ ևս սպառնացել են, որ իր խոսքերի համար պատասխան է տալու։ Նաև ասել են, որ իրավապահները կարող են ընթացք տալ խողովակներ գողանալու վերաբերյալ հայտարարություններին՝ որպես հաղորդում հանցագործության մասին, արդյունքում սուտ մատնության համար գյուղապետին պատասխանատվության կենթարկեն։

«Թերթի հրապարակման հաջորդ օրը Հովիկ Մխիթարյանն անձամբ այցելել էր խմբագրություն, նա շփոթված ու վախեցած վիճակում էր։ Պահանջում էր հերքում տպագրել։ Բնականաբար, մերժեցինք։ Դրանից հետո պահանջեց իրեն տալ ձայնագրությունը։ Այնուհետև Մխիթարյանի հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան, նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Արդյունքում արդեն տևական ժամանակ է՝ Մխիթարյանն «անհետացել է»։ Փորձում ենք կապվել նրա հետ, բայց չի պատասխանում հեռախոսազանգերին։ Փոխարենը այդ ջրագծերի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում է տարածել ջրային պետական կոմիտեն՝ անուղղակի կերպով ապացուցելով որ Հ. Աբրահամյանը, այնուամենայնիվ կապ ունի խողովակների հետ. «ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվել է ՏԿՆ ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններին՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի գույքը»։ Ըստ այդմ՝Գետքի խողովակները ժամանակին ճանաչվել են ոչ պիտանի և օտարվել են մայրաքաղաքային պաշտոնյաների թեթև ձեռքերով»,–գրում է թերթը։