Թերթը հիշեցնում է օգոստոսի 1-ի և 2-ի համարներում տեղ գտած հրապարակումները, ըստ որոնց, հանրապետական զինկոմիսարիատում հայտնաբերված խախտումների հիմքով հանրապետության գլխավոր զինկոմ Սերգեյ Չալյանը ժամանակավորապես հեռացված է աշխատանքից։
«Բանն այն է, որ առողջ զինակոչիկներին ծառայության ոչ պիտանի ճանաչելու դեպքեր էին հայտնաբերվել, մեր տեղեկություններով՝ թվով 17 անձի վերաբերյալ, և այդ փաստից զայրացած՝ պաշտպանության նախարարը շտապել էր քայլեր ձեռնարկել։ Մեզ հետ զրույցում Չալյանը հերքել էր փաստը, նշելով, որ ինքն արձակուրդում է և արձակուրդից վերադառնալու է աշխատանքի։ Սակայն երեկ Սերժ Սարգսյանի հրամանով նա հեռացվել է պաշտոնից։ Մեր տեղեկություններով, թեև դեռ չեն հրապարակում, սակայն աշխատանքից հեռացվել է նաև Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի տեղակալը՝ Վալերի Նարիմանիչ Գրիգորյանը։ Սակայն բոլորին է հայտնի, որ այս անձինք առանց Խաչատուրովի գիտության և մասնակցության ոչինչ չեն անում։ Նրա համար, փաստորեն, հատուկ արտոնյալ պայմաններ են ստեղծվել, և այդ պայմանները չի համարձակվում խախտել անգամ երկրի նախագահը»,– գրում է թերթը։





