«Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը շարունակում է պայքարել սերիալային բռնության դեմ: Կազմակերպությունը ևս մեկ անգամ պահանջում է դադարեցնել կանանց նկատմամբ բռնության քարոզչությունը եթերով: «Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք դեմ ենք, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ», -գրված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Արմենիա TV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի վերջին շաբաթվա մոնիտորինգը արձանագրել է որոշ դրական տեղաշարժեր: Մասնավորապես՝ պարբերաբար ծեծի ենթարկվող հերոսուհիների ամուսիններն ու ընկերները առավել քնքուշ են սկսել վերաբերվել իրենց կանանց, իսկ հերոսուհիներից մեկը նույնիսկ աշխատանքի է անցել:
Այդուհանդերձ, կազմակերպությունը այսքանով չի սահմանափակվելու և դեռ շարունակելու է պայքարը. օգոստոսի 17-ին ՀՀ բոլոր հեռուստաընկերություններ պաշտոնական նամակ է ուղարկվելու: Նամակին կցվելու են նաև ՀՀ քաղաքացիների հարյուրավոր ստորագրությունները:





