AM
10 Օգոստոս 2012 - 09:48 AMT

Սիրիայի հայ համայնքը չի կարող վճարել առևանգված երիտասարդի փրկագինը, ասում է Սիրիայի առաջնորդարանի խոսնակը

Սիրիայի հայ համայնքը չի կարող վճարել երեկ առևանգված 22-ամյա Հովսեփ Բալմանուկյանի 20 հազար ԱՄՆ դոլար փրկագինը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասա Սիրիայի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը, հավելելով, որ երիտասարդի առևանգման դեպքի հետ կապված մանրամասներին նա ծանոթ չէ:

«Առևանգման նման դեպքեր շատ են լինում, և եթե հայ համայնքը սկսի փրկագին վճարել` ավազակները կսկսեն մարդկանց առևանգել և այդ կերպ փող աշխատել», – ասաց Ռեիսյանը:

Ռեիսյանը նաև ասաց, որ նման դեպքեր վերջերս շատ են լինում` «առևանգում են, հետո բաց թողնում»:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հետ տարվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը` իր տեղեկություններով` առևանգված Բալմանուկյանին արդեն բաց են թողել:

«Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանն էլ իր հերթին PanARMENIAN.Net-ին փոխանցեց, որ համաձայն Սիրիայում գտնվող իրենց աղբյուրների` Հովսեփ Բալմանուկյանը դեռևա առևանգված է, բայց «հնարավոր է շուտով բաց թողնեն»:

Սիրիացի ապստամբները 22-ամայ Հովսեփ Բալմանուկյանին առևանգել էին Հալեպի ու Լիբանանի սահմանին: Նրանք պահանջում էին 20 հազար դոլար: Համաձայն «Սիրիահայերի ագակցության և օգնության էջի» Սիրիայի աղբյուրների` Սիրիայի հայ համայնքը ցանկություն էր հայտնել վճարել գումարի մի մասը` 15 հազար դոլարը: