Հալեպում ինտերնետը և բջջային հեռախոսակապն անջատել են դիտավորյալ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը` փոխանցելով հալեպահայերի ֆեյսբուքյան էջի ղեկավարության խոսքերը
Նրանց փոխանցմամբ` դա արվում է, որպեսզի կառավարությունը կարողանա ընդդիմադիրների միջև հաղորդակցությունը խափանել, ինչպես նաև գաղտնի պահել բանակի գործողությունները:
«Կառավարության այս քայլը նպատակաուղղված է նաև միմյանց տեսանյութ կամ նկար ուղարկելը դժվարացնելուն: Հալեպահայերը դեռևս չգիտեն` կօգնի արդյոք այս քայլը սիրիական զինված ուժերին, քանի որ, նրանց կարծիքով, ընդդիմադիրներն ունեն գերարդիական հաղորդակցության միջոցներ», – ասաց Ադամյանը:
Հալեպ բնակիչները նաև ասում են, որ օդանավակայան տանող ճանապարհի անցակետում, բացի Սիրիայի ազատ բանակի դրոշից երևում է նաև Ալ-Քաիդայի դրոշը: Ընդդիմադիր աղբյուրները տեղեկություն են տարածել, որ Հալեպի օդանավակայանը փակվել է:
«Լուրը դեռևս ոչ պաշտոնական է: Հալեպահայերը միայն նշում են, որ տարբեր երկրների ընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Սիրիա», – եզրափակեց Ադամյանը:





