Երևանի կենտրոնում երկրաշարժի դեպքում բնակֆոնդի 80% լիովին կփլուզվի: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման տեսակետ հայտնեց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը: «Ստացվում է, որ վտանգված է երկրի բնակչության մեկ երրորդը, որը բնակվում է մայրաքաղաքում: Փլուզման ենթակա բնակելի շենքերը կառուցվել են խորհրդային տարիներին, այդ ժամանակվա սեյսմիկ քարտեզների հիման վրա, ուստի այլևս սեյսմակայուն չեն: Բացի այդ, շահագործման ընթացքում այդ շենքերն ամեն կերպ ձևախեղվել են. կառուցվել են նկուղային հարկեր, հավելյալ հարկեր, պատշգամբներ, ինչը նույնպես նպաստել է ապակայունացմանը»,- պարզաբանեց նա` հավելելով, որ հնարավոր կորուստները նվազեցնելու համար անհրաժեշտ է կառուցել սեյսմակայուն շենքեր, իսկ եղածները ամրացնել:
Անդրադառնլով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին երկրաշարժերին` Բալասանյանը նշեց, որ անցյալ տարվա համեմատ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունն առանձնապես բան չի փոխվել: «Վերջին շրջանում տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը սկիզբ է առնում 2011թ. հոկտեմբերին Վանում տեղի ունեցած երկրաշարժից, որին հաջորդեց ուժեղ ցնցումը 2012թ. փետրվարին Ադրբեջանում, իսկ օգոստոսին` Իրանում: Կարելի է զուգահեռներ անցկացնել 1988-91թթ. սեյսմիկ ակտիվության հետ, որն ընդգրկեց Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, մինչդեռ այժմ ցնցումները տեղ են գտնում Թուրքիայում, Ադրբեջանում և Իրանում»,- ասաց նա` նշելով, որ չի կարելի դիտարկել միայն Հայաստանի սեյսմոակտիվությունը, քանի որ տարածաշրջանի երկրները սեյսմիկ առումով փոխկապակցված են:
«Վանի երկրաշարժը ազդեց ողջ տարածաշրջանի վրա` հանգեցնելով ցնցումների նոր ալիքների: Այս իրադարձությունների վերջը դեռևս պարզ չէ. միգուցե Իրանի ցնցումը վերջինն էր, միգուցե և ոչ: Ես կոչ եմ անում իշխանություններին ավելի լուրջ վերաբերվել երկրի սեյսմակայունության հարցին»,- նշեց սեյսմոլոգը` շեշտելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է:





