AM
15 Օգոստոս 2012 - 12:02 AMT

Է. Նալբանդյանը ֆիլիպինցի գործընկերոջ հետ քննարկեց երկկողմ համագործակցության զարգացման հարցերը

Օգոստոսի 15-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ֆիլիպինների Հանրապետություն:

Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Ֆիլիպիննների արտաքին գործերի քարտուղար Ալբերտ դել Ռոսարիոյի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք քայլերի, ասիական, կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ակտիվացման նպատակով նախարարները պայմանավորվեցին գործուն քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, մշակութային փոխանակումների խթանման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղղությամբ:

Քննարկվեցին ներդրումների խրախուսման, գիտակրթական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության ձևավորման հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այս ենթատեքստում Ֆիլիպինների ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային զարգացումների և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Իր հերթին նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը տեղեկացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին:

Հայաստանի և Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ մերձավորարևելյան իրադարձություններին:

Բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտների միջև փոխըմբռնման հուշագիրը» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիրը»:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով քայլերի շարունակականությունն ապահովելու նպատակով Ալբերտ դել Ռոսարիոն ընդունեց Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան պատասխան այց կատարելու հրավերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: