Այսօր Բնապահպանության նախարարությունում հերթական քննարկումն է տեղի ունեցել, որտեղ գլխավոր հարցը Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագիրն էր :
Պիլոտային ծրագրի քննարկմանը մասնակցում էին` ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության, «Էկոմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի, »Սևան» ազգային պարկի համապատասխան մասնագետներ, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության ինստիտուտի, «Էմի ֆրութ» ընկերության ներկայացուցիչներ: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ի ն հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը ներկայացրել է իրականացված և նախատեսվող աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ համագործակցում են դանիական ԷնՍԻ քոնսալթինգ ընկերության հետ և այս ծրագրի շրջանակներում տրամադրված խորհրդատվության հիման վրա, որպես ձկան կերի մատակարար ընտրվել է դանիական ԲիոՄար ընկերությունը:
Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման պիլոտային ծրագրի ընթացքում նախատեսվում է օգտագործել կեր, որի բաղադրության մեջ մտնում են բարձրորակ կոմպոնենտներ, ինչը հնարավորություն է տալիս լավագույնս բավարարել ձկների սննդային պահանջները, միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կերի կազմի օպտիմալացման միջոցով ընկերությանը հաջողվել է նվազեցնել նրանում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, այդպիսով, ապահովելով ջրի նվազագույն աղտոտում :





