Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խբմակցության պատգամավոր, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը դրական է գնահատել ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև մրցակցությունը, մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրություններում: «Ազդեցիկ քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև մրցակցությունը ժամանակի հետ կվերածվի որակի»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:
Հարությունյանը նաև նշել է ՏԻՄ ընտրությունների կարևորությունը, դրանց ազդեցությունը հասարակական տրամադրության վրա: «Ես համոզված եմ, որ ոչ ոք առավոտյան արթնանալուց հետո մտահոգ չի քայլում, թե ինչու չի լուծվում ղարաբաղյան հիմնախնդիրը: Բայց փոխարենը նրա տրամադրությունն ընկնում է, եթե չկա ջուր, բակը կեղտոտ է, ասֆալտապատ չէ, չի կարող երեխային տանել մանկապարտեղ և այլն»,- նշել է նա:
ՀՀԿ պատգամավորը զարմանք է հայտնել, թե ինչու ընդդիմադիր ուժերը մեծ ուշադրություն չեն հատկացնում ՏԻՄ ընտրություններին: Նրա կարծիքով, դա կարող է բացատրվել նրանով, որ նրանք մինչև վերջ չեն հասկանում այն քաղաքական կշիռը, որն ըստ Սահմանադրության ունեն տեղական ինքնակառավարման մարմինները:
Հարությունյանը հույս է հայտնել, որ ժամանակի հետ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ քաղաքական ուժերի ուշադրությունը զգալիորեն կավելանա, և նրանք կխաղան «լակմուսի թղթի» դեր երկրում քաղաքական գործընթացների համար:





