AM
17 Օգոստոս 2012 - 06:13 AMT

«Հրապարակ». Վանո Սիրադեղյանի նամակն իրական է, իսկ էթիկայի մասին խոսելն ՝ ավելորդ

«Հրապարակն» իր այսօրվա խմբագրականում անդրադարձել է Վանո Սիրադեղյանի նամակին, որ տպագրվել էր թերթի երեկվա համարում և որի համար «Հրապարակի» խմբագրին մեղադրեցին էթիկայի կանոնները խախտելու մեջ:

Թերթը գրում է.«Թվում էր` Վանո Սիրադեղյանի նամակը պետք է ուրախացներ նրա նորահայտ երկրպագուներին:

Միայն այն փաստը, որ նրա մահվան մասին լուրերը հերքվեցին, արդեն բավական է, սակայն Վանո Սիրադեղյանի անձով ու ճակատագրով, իբր, մտահոգ անձինք հիմա էլ նամակի փաստից են վրդովված: Ի՞նչ են ասում նրանք: Ասում են` ինչո՞ւ է գրել հենց «Հրապարակի» խմբագրին: Ասում են` կեղծ, սարքովի նամակ է: Ասում են` այնպես, ինչպես հորինել էիք մահվան մասին լուրը, այնպես էլ սարքել եք այդ նամակը: Ասում են` դա Վանո Սիրադեղյանի ոճը չէ: էլ ի՞նչ: Մեր լրագրության գերպրոֆեսիոնալները, որոնք լրագրությամբ զբաղվելը փոխարինել են լրագրության դասեր տալով, ասում են` կյանքի և մահվան եզրույթները սրբապատկերի նման բան են` դրանց մոտենալ չի կարելի, և երբ գրեցիք, որ Սիրադեղյանի ընկերներից մեկն ասում է, որ նա չկա, խախտել եք էթիկայի ու չգիտեմ էլ ինչ կանոններ:

Անկեղծ ասած` հոգնել եմ այս սովետաստրկատիրական խոսակցություններից: Եվ արդեն պատասխանելու ցանկություն էլ չկա: Պարզապես ուզում եմ ասել, որ նամակն իրական է` որքան էլ դա ոմանց դուր չգա: Գրված է Սիրադեղյանի ձեռքով դա կհաստատեն նրա ձեռագիրը ճանաչողները, ինչպես երեկ արեց նրա թիկնապահը: Նրա ոճն է` պարզապես մի քիչ տխուր ու հիասթափված մարդու խոսք է: Ինչ վերաբերում է այդ չարաբաստիկ էթիկայի կանոններին (մի երկրում, որտեղ Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում, շարունակ էթիկայի կանոններից խոսելն աբսուրդ է), ապա միակ մարդը, ով կարող էր մեղադրել «Հրապարակին», և մենք լռելյայն կլսեինք այդ հանդիմանությունները, Վանո Սիրադեղյանն է, ով, նամակից դատելով, ոչ միայն չի մեղադրում մեզ, այլև, որպես առողջ մարդ, խաղաղ է վերաբերվում այդ խոսակցություններին ու անգամ ինքն է խոսում այդ թեմաներով»: