AM
17 Օգոստոս 2012 - 07:24 AMT

Իջևան քաղաքի բնակիչները պարտքի մասին ծանուցում են ստացել, սակայն չգիտեն, որտեղից է գոյացել այն

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային գրասենյակը Իջևան քաղաքի բնակիչների կողմից ստացել է բազմաթիվ բողոքներ «Իջևանի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ին ունեցած զգալի չափերի հասնող պարտքերի վերաբերյալ։

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունից, բազմաթիվ բնակիչներ ստացել են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթով ծանուցագրեր` ընկերության բնակարանների մեկ քառակուսի մետր տարածքի սպասարկման վճարների պարտքերի վերաբերյալ, որոնց առաջացման մասին չեն տրվել հավելյալ տվյալներ և պարզաբանումներ:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներկայացված պարտքի գումարները կուտակվել են Իջևան համայնքի ավագանու ամենամյա ընդունած «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման ոչ օրինաչափ պահանջներից։ Պաշտպանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին առաջարկ է ներկայացվել ուսումնասիրել «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման օրինաչափության խնդիրը, և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտեր հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարությունից հայտնել են, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 91-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից Իջևանի համայնքի ղեկավարին առաջարկվել է վերացնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտումները: